Բաքվում հերթական ֆարսն է տեղի ունենում Հայաստանի երկու քաղաքացիների շուրջ, որոնք Ադրբեջանում մեղադրվում են «ահաբեկչության» մեջ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործում ներգրավված են Հայաստանի երկու քաղաքացիներ՝ Իշխան Սարգսյանը և Վլադիմիր Ռաֆայելյանը։
Նրանց գործով դատավարությունը վարում է Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը։ Այսօր դատախազն առաջարկեց երկու ամբաստանյալներին էլ մեղավոր ճանաչել իրենց առաջադրված հանցանքների մեջ և Սարգսյանին դատապարտել 20, իսկ Ռաֆայելյանին՝ 19 տարվա ազատազրկման։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայաստանի քաղաքացիները «զինվորական անձնակազմ են և հետախուզական խմբի անդամներ»։ Նրանք մեղադրվում են հետևյալի մեջ. 2021 թվականի մայիսի 27-ին նրանք իբր հատել են Ադրբեջանի պետական սահմանը Քարվաճառի շրջանում և ձերբակալվել Յուխար Այրիմ գյուղի մոտ ճանապարհը ականապատելիս։
Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.3 (ահաբեկչություն, հրազենի գործադրմամբ), 228 (զենքի ապօրինի շրջանառություն), 318 (սահմանի ապօրինի հատում) և 282 (դիվերսիա) հոդվածներով: