Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) զգուշացրել է նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի մասին։
Հանձնաժողովի արձագանքը հաջորդել է ԶԼՄ-ների հրապարակումներին, ըստ որոնց՝ Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի դպրոցի ուսուցիչներն աշխատանքային ժամերին, դասերը կրճատելու հաշվին, հատուկ տրանսպորտով տեղափոխվել են Ապարան՝ մասնակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին։
ԿԸՀ-ն հիշեցրել է, որ վարչական ռեսուրսի կիրառումն օրենքով արգելված է հանրային ծառայողների, առողջապահական և ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար՝ իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալուց։ Հանձնաժողովը կոչ է արել քարոզչությունն իրականացնել բացառապես Ընտրական օրենսգրքի շրջանակներում։
Դեպքին անդրադարձել է նաև «Անկախ դիտորդ» դաշինքը՝ նշելով, որ դասապրոցեսի փոխարեն քարոզարշավին մասնակցելն առերևույթ խախտում է Ընտրական օրենսգրքի 23-րդ և Աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածները։ Դաշինքն այժմ դիտարկում է դատարան դիմելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.8 հոդվածով պատասխանատվության պահանջ ներկայացնելու հարցը։
Միաժամանակ, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ եթե որևէ մեկը փաստեր տրամադրի այդ դպրոցների ուսուցիչներին կամ աշակերտներին պարտադրելու վերաբերյալ, կազմակերպությունը կվճարի մինչև կես միլիոն դրամ պարգև։
ԿԳՄՍ նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 13-ին Ապարանում Արագած և Քուչակ գյուղերի ուսումնական հաստատությունների ուսուցիչներն ու աշակերտները նույնպես մասնակցել են քաղաքական քարոզարշավի՝ խախտելով դպրոցների ապաքաղաքականացված գործունեության կարգը։ Գերատեսչության տվյալներով՝ քարոզարշավի սկզբից ի վեր ստացվել են նմանատիպ այլ ահազանգեր, որոնք այժմ գտնվում են ուշադրության կենտրոնում։





































