Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպում է ունեցել Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավկովկասյան տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությանը և ընդհանուր զարգացումները: Այս կապակցությամբ Վահագն Խաչատուրյանն Անդրեյ Կովաչևի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղից ավելի քան հարյուր հազար բռնի տեղահանվածների հիմնարար իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտության վրա:
Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի միանշանակ դիրքորոշումն է հասնել տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, ինչը բխում է ռեգիոնի բոլոր երկրների շահերից:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ներկա վիճակին և հնարավոր սպառնալիքներին և վերջինիս պահպանության ու պաշտպանության անհրաժեշտությանը։
Մեկ այլ հաղորդագրությամբ նշվում է, որ նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Քսավիե Բելամիի, Լարս Պատրիկ Բերգի, ժորդի Սոլեի, Անդրիուս Կուբիլիուսի, Ռասա Յուկնեվիչիենեի և Բերտ-Յան Ռաուսենի հետ:
Ճաշի ընթացքում քննարկվել է Հայաստան-Եվրամիություն բազմաշերտ համագործակցության հետագա խորացման և շարունակական զարգացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է կատարվել Հարավային կովկասում տիրող ընդհանուր իրադրությանն ու առկա զարգացումներին: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման ուղղությունների շուրջ: