ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կանզասի նահանգապետ Լորա Քելլիի և Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդիի հետ։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են տնտեսության, գյուղատնտեսության և ռազմական կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնման և խորացման հարցեր։
Նշվում է, որ Փաշինյանը բարձր է գնահատել Կանզասի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում և վստահություն հայտնել, որ նահանգապետի այցը նոր լիցք կհաղորդի համագործակցությանը։ Իր հերթին Լորա Քելլին ընդգծել է ՀՀ-ի հետ կապերի ամրապնդման իր պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը։
Կառավարությունը հայտնում է, որ վարչապետ Փաշինյանը նաև ընդգծել է ԱՄՆ վարչակազմի աջակցությունը ՀՀ կառավարության ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգն առաջ մղելու հարցում։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2022 թվականի սեպտեմբերին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Կանզասի նահանգապետ Լորա Քելիի հետ։ Պապիկյանն այցելել է նաև Կանզաս նահանգի Սալինա քաղաքում գտնվող ուսումնական կենտրոն։