Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն TRT WORLD հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է՝ Թբիլիսին մտահոգված է, քանի որ ԱՄՆ-ի կողմից Վրաստանի նկատմամբ «լռություն է նկատվում»։
«Սակայն մենք լավատես ենք և պատրաստ ենք մաքուր էջից վերականգնել ռազմավարական գործընկերությունն ԱՄՆ-ի հետ»,- ասել է նա:
Ըստ Կոբախիձեի՝ Վրաստանում կայունություն է նկատվում, առաջիկա երեք տարիներին ընտրություններ չեն լինի, չնայած բոլոր տուրբուլենտություններին:
«Վրաստանի իշխանությունները ցանկանում են պահպանել խաղաղությունը: Դա մեր հասարակության պահանջն է, և մենք պատասխանատու ենք վրացական հասարակության առջև»,- նշել է երկրի վարչապետը:
Բարձրաստիճան պաշտոնյան հավելել է, որ Վրաստանը շատ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության աջակցության տեսանկյունից և մինչ օրս շատ կարևոր դեր է խաղում հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի համար:
Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները լարվել էին 2024 թվականի մայիսից, երբ Վրաստանի խորհրդարանն ընդունել էր «օտարերկրյա գործակալների» մասին անունն ստացած օրենքը։




































