Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ հակասություն չի տեսնում Մոսկվայի հետ հարաբերությունները կառուցողական լինելու մասին իր հայտարարությունների և Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» մասով իր պնդումների միջև։ Այս մասին նա հայտարարել է՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին։
Փաշինյանի խոսքով՝ «հիբրիդային պատերազմի» վերաբերյալ իր գործընկերների հայտարարություններն արդարացված են, մասնավորապես՝ որոշակի ռուսական հեռուստաալիքներ, խոսնակներ և բանախոսներ են տարածում նման հռետորաբանություն։
Միևնույն ժամանակ՝ վարչապետը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները չի դիտարկում այս պրիզմայով և փորձում է տեսնել դրական կողմը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն և անձնական փոխադարձ վստահություն։
«Այդ գնահատանքի տրամաբանությամբ էլ կշարունակվենք առաջնորդվել։ Տրանսֆորմացիան, որը տեղի է ունենում, շատ օգտակար է և կառուցողական։ Քննարկում ենք բաց, ազնիվ, գործընկերային մթնոլորտում և, իմ կարծիքով, բազմաթիվ խնդիրներին, որոնք թվում էր, թե կարող էին բարդություններ առաջացնել, գտնում ենք լուծումներ և կգտնենք»,- ասել է վարչապետը։
Սեպտեմբերի 18-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան որոշ հայ քաղաքական գործիչների հայտարարությունները, թե Մոսկվան իբր վարում է Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ» և Հայաստանը դիտարկում է որպես «գուբեռնիա», որակել էր «ինքնաոչնչացնող»։





































