Հայաստանի՝ ԱՊՀ կազմից դուրս գալու ցանկության մասին որևէ ազդանշան չի նկատվել, այդ տարբերակը բացառվում է, հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի 106-րդ նիստում։
«Ես լիովին բացառում եմ այս տարբերակը, մենք որևէ նշան չունենք, որ Հայաստանը դուրս է գալու ԱՊՀ-ից։ Նույնը նաև Ադրբեջանը՝ մենք որևէ նշան չունենք», – հայտարարել է նա՝ պատասխանելով կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին հարցին։
Լեբեդևն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է մասնակցել ԱՊՀ տարբեր նիստերին։
«Այսօր Հայաստանի լիազոր ներկայացուցիչը ներկա էր ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, խոսեց հարցերի էության մասին, լիազորություններ ուներ ստորագրելու մի շարք փաստաթղթեր», – նշել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ինքը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալն ավելի հավանական է համարում, քան այս կազմակերպության անդամակցության վերականգնումը։
Փաշինյանը նաև կրկին հաստատել էր Հայաստանի ցանկությունը՝ միանալ ԵՄ-ին։
Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) հայտարարել էր նոր հարթակ մշակելու մասին՝ «ԱՊՀ պլյուս» անվանմամբ, որին կկարողանան միանալ ինչպես գործընկեր, այնպես էլ դիտորդի կարգավիճակով այն երկրները, որոնք անդամ չեն ԱՊՀ-ին, այդ թվում՝ պետությունների բլոկներ: