Իշխանություններն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հարձակման նոր քայլեր են մշակում, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրներին։
Ըստ թերթի՝ վերլուծաբանները սա դիտարկում են որպես «տեղեկատվական ինկվիզիցիայի» նոր փուլ, երբ կասկածը դառնում է մեղադրանք, իսկ հակառակ կարծիքը՝ թշնամանք։ Հետևաբար, ըստ թերթի, անգամ ամենաանմեղ կարծիքները կամ մտահոգության արտահայտումներն իշխանության ներկայացուցիչներն ընկալում են անթույլատրելի:
«Երեկ, երբ ԱՄՆ կոնգրեսի Հայկական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բրեդ Շերմանը հայտարարեց, որ «մտահոգված է բարերար Սամվել Կարապետյանի կալանքով», ՔՊ-ական Արսեն Թորոսյանը բոցաշունչ ելույթով հարձակվեց նրա վրա՝ պնդելով, թե «Կարապետյանն ահաբեկիչ է»»,- գրել է օրաթերթը։
Թերթը պնդել է, որ թիրախում միայն Կարապետյանը չէ, այլ հարվածի տակ է դարերով ազգային ինքնության խորհրդանիշ դարձած Հայ Առաքելական եկեղեցին։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում: Հուլիսի 4-ին դատարանն անփոփոխ էր թողել Կարապետյանին կալանավորելու որոշումը։
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև շարժման 14 աջակցի։ Գալստանյանը և «Սրբազան պայքարի» աջակիցները մեղադրվում են պետական հեղաշրջման և ահաբեկչության նախապատրաստության փորձ կազմակերպելու մեջ։ Նրանցից ոչ ոք չի ընդունում մեղադրանքը:
Հուլիսի 10-ին իրավապահներն ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ էին սկսել դաշնակցականների տներում, հուլիսի 9-ին 2 ամսով կալանավորել էին «Հայաստան խմբակցության» պատգամավոր Արթուր Սարգսյանին։