ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչներն ակցիա են կազմկերպել Երևանի Քննչական վարչության շենքի մոտ։ Նրանք սթրայքբոլլ խաղալու համար նախատեսված իրեր են տարել ՔԿ՝ ցույց տալով, որ իրենց ընկերներին ձերբակալելու ու կալանավորելու համար իրեղեն ապացույց դիտարկվող առարկաներն արգելված չեն ու կարելի է ձեռք բերել ցանկացած զինվորական խանութից։
ՀԵՄ նրկայացուցիչ Ժորա Ավդալյանը հայտարարել է, որ դատարանը երկու ամսով կալանավորել է իրենց համախոհ Անդրանիկ Չամիչյանին, որը պարզապես սիրում է սթրայքբոլլ խաղալ։
«Ոչ մի ապօրինի, ոչ մի անօրինական բան չի ունեցել իր մոտ։ Այն ամենն, ինչ Չամիչյանն ունեցել է, ամեն պատահած խանութից կարելի է գնել»,- ասել է Ավդալյանը
Ըստ Ավդալյանի՝ մյուս ընկերների տնից հայտնաբերված բոլոր իրերը ևս օրինական են, այնտեղ կան զենքեր, որոնք օրինական են, ունեն իրենց թղթերը։ Նա նաև նշել է, որ իրեղեն ապացույց է ներկայացված «Մահ կա՛մ ազատություն» գրությամբ շապիկ, որը 1890 թվականից ի վեր իրենց դաշնակցական կարգախոսն է։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը լրագրողներին ասել է, որ երկրի ներսում տեղի ունեցած իրավական ակտիվ գործողություններն իրականում շոու են դրսի համար։ Ըստ նրա՝ Փաշինյանն այսպիսով ուզում է ցույց տալ Ադրբեջանին, որ վերահսկում է իրավիճակը երկրում։
«Դու ասում ես, որ Արցախի հարցը փակ է, բայց արցախահայերը քո երկրի մայրաքաղաքում ցույց են անում, չեն փակում, ուժերը հանդես են գալիս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են գալիս վերադարձի իրավունքի հայտարարություններով։ Ի վերջո, մենք քո հետ կարո՞ղ ենք պայմանավորվել, թե՞ դու չես վերահսկում իրավիճակը։ Եվ ինքը, որպեսզի ցույց տա, որ տիրապետում է իրավիճակին, վերահսկում է իրավիճակը, իրականացնում է այս բոլոր բռնաճնշումները, որպեսզի զեկուցի, որ իրավիճակն իր վերահսկողության տակ է»,- պարզաբանել է Վարդանյանը։
Ակցիային զուգահեռ՝ ՀՅԴ ԵՄ-ն հանդես է եկել հայտարությամբ, որտեղ խստորեն դատապարտել է քաղաքականապես գիտակից, գաղափարական համոզմունքներով առաջնորդվող հայ երիտասարդներին վախեցնելու, լռեցնելու ու ահաբեկելու իշխանությունների փորձերը։
ՔԿ-ն հայտնել էր, որ ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ է ձերբակալվել։
ՀՅԴ-ն հուլիսի 10-ին հայտնել էր իր անդամների տներում իրականացված խուզարկությունների մասին և նշել, որ կա ձերբակալված՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, և բերման ենթարկված՝ կուսակցության Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ տեղեկացրել էր, որ ԱԱԾ-ն առգրավել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը:
Ըստ ՔԿ-ի՝ կատարված խուզարկությունների ընթացքում առգրավված նռնակը հանդիսանում է «Ֆ1» տեսակի մարտական նռնակ, իսկ 2 էլեկտրական անդրապայթիչները (դետոնատորները) նույնպես հանդիսանում են ռազմամթերք։