Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության մասին սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը որևէ երրորդ ընկերության, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
«Եթե դա (հսկողությունը – AT) համապատասխանի այս սկզբունքներին, այո՛, կարող է իրականացվել: Քննարկման հարց է, փոխադարձություն պետք է ապահովվի»,- նշել է Սաֆարյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ հուլիսի 10-ին, Աբու Դաբիում բանակցություններ էին վարել, որոնք տևել էին ավելի քան 5 ժամ։
Հանդիպումից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ կողմերը համաձայնել են շարունակել երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցառումները երկու երկրների միջև: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ հանդիպմանը քննարկվել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը:
Կառավարությունը պաշտոնապես դեմ է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, այսպես կոչված, «միջանցքային տրամաբանությանը» և պնդում է, որ Սյունիքի մարզով Ադրբեջանին Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով կապող երթուղի ապահովելու դեպքում պետք է լիովին հարգվեն Հայաստանի ինքնիշխանության և իրավասության սկզբունքները նրա տարածքի և ենթակառուցվածքների նկատմամբ։
«Քարնեգի» կենտրոնը հունիսի 30-ին հաղորդել էր, որ ԱՄՆ-ն, փորձելով տեղաշարժել խաղաղության գործընթացը, հնարավոր է փորձի համոզել Ադրբեջանին՝ հրաժարվել Հայաստանի սահմանադրության վերաբերյալ պահանջներից։