Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում ներկայացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը։
Ըստ դատախազի՝ մարտի 18-ին ԱԱԾ-ից հաղորդում էր ստացվել այն մասին, որ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Վազգեն Գալստանյանը (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան-AT), Արթուր Սարգսյանի, Արսեն Ղազարյանի, Հայկ Շահնազարյանի, Մովսես Շարբաթյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց 2024 թվականի հուլիսից մինչև 2025 թվականի մարտի 14-ը նախապատրաստել է ահաբեկչություն և իշխանության յուրացում։
Ըստ միջնորդության՝ հանցավոր խմբի անդամները, այդ թվում` Սարգսյանը, 2025 թվականի հունվարից սկսած շարժման մասնակիցների և համախոհների միջոցով հավաքագրել են բազմաթիվ հարվածային խմբերում ընդգրկվող 2000-ից ավելի անձանց, խոշոր փողոցներն առանձնացնելու և գործողությունները պլանավորելու համար ձեռք են բերել Երևան քաղաքի քարտեզը։ Բացի այդ, Վարդապետյանի զեկուցմամբ, շարքից հանելու նպատակով ձեռք են բերել լուսացույցների, էլեկտրաէներգիայի և համացանցի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալներ, պատվիրել և ձեռք են բերել պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների անվադողերը վնասելու և տրանսպորտային շարժը կաթվածահար անելու համար պիտանի մետաղական սրածայր դետալներ՝ «աստղիկներ»։
«Տրանսպորտային միջոցների ապակիներին և ճանապարհներին լցնելու նպատակով՝ ձեռք են բերել ներկեր և յուղեր, այդ միջոցները պահել են համապատասխան թաքստոցներում, շարունակել են հարվածային խմբերում ընդգրկվող անձանց հավաքագրելուն ուղղված գործողությունները՝ միաժամանակ խմբերի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ ունեցած ելույթներով վերջիններիս վստահեցնելով, որ նախատեսվող գործողությունները հաջողության հասնելու միակ եղանակն են և վերջիններիս հրահանգելով իրենց հերթին միջոցներ ձեռնարկել խմբերի անդամների զգոնությունը, պատրաստակամությունը, տրված հանձնարարությունը ցանկացած գնով կատարելու կամքն ամրապնդելու ուղղությամբ»,- հայտարարել է դատախազը:
Պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստությունը, առավելագույն պատիժը՝ 12 տարվա ազատազրկում) և 4-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելը, առավելագույն պատիժը՝ 15 տարվա ազատազրկում)։
Գալստանյանը և նրա 14 աջակից հունիսի 26-ին կալանավորվել էին ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մեղադրանքով: Նրանք մեղքը չեն ընդունում: