«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավայրից հղած նամակում պնդել է, որ Ստամբուլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպմանը համաձայնեցվել է Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու նպատակով:
«Այսօրվա տեղեկություններն առ այն, որ հուլիսի վերջին Դուբայում տեղի է ունենալու Ալիև-Փաշինյան հանդիպում, վերահաստատում է մեր այն տեղեկությունը, որ Կ. Պոլսում հենց այս համաձայնությունն էին գոյացնելու «Խաղաղության համաձայնագիր, թե պայմանագիր» կոչված «սև թուղթն» ստորագրելու համար, որի բովանդակությունը ցայսօր թաքցված է հայ մարդուց։ Այս մասին տեղեկացրել էի դեռևս հունիսի 18-ին՝ ստամբուլյան հանդիպումից առաջ՝ թե՛ տեղի մասին, թե՛ հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին հնարավոր ստորագրության մասին»,- նշել է Տավուշի թեմի նախկին առաջնորդը, որ գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։
Բագրատ սրբազանը հարց է ուղղել. «Հիմա հասկացա՞ք, թե ինչո՞ւ ենք մենք կալանավայրերում», ապա հավելել, որ իրական և բուն պատճառը դիմադրության հնարավոր օջախները վերացնելն է։
««Աշխարհն, այո՛, շուռ է եկել», կասեր հոգելույս Արամաշոտ Պապայանը։ Շուռ եկած աշխարհում է միայն, որ հայտնի «Ձուկ գողացողը», կենդանական ծագումով տարբեր անկեսնագիրներ կարող են խոսել իմ և համակիրների, Միքայել սրբազանի և եկեղեցու, Սամվել Կարապետյանի և այլ արժանավոր հայորդիների մասին, ինչպես նաև ստամբուլյան տրամաբանությամբ վերլուծություն կատարել աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ»,- նշված է արքեպիսկոպոսի նամակում։
Նա շեշտել է՝ նախկինում էլ է զգուշացրել, որ այս վերջնական «աղետալի» գործողությունը տեղի է ունենալու մարդկանց արձակուրդների շրջանում, որպեսզի «խավարի քողի տակ» նույնիսկ նկատելի չլինի:
«Ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ ես և շատերը հստակ ու պարզ հայտարարել ենք, որ փողոցային խաղաղ անհնազանդության պայքարն անհրաժեշտություն է և պահանջված՝ չարիքը մեր երկրից հեռացնելու համար։ Մշտապես շեշտել եմ, որ այս աղետի մեջ եկեղեցին վերջին խրամատն է, որը կարող է, ի վերջո, համախմբել հանրությունը և թույլ չտալ մեր պետության վերջնական հանձնումը»,- հավելել է Գալստանյանը։
Բագրատ սրբազանը հայտարարել է նաև, որ վաղուց ժամանակը չէ վերլուծությունների, քաղաքական և այլ տարբերությունների և միասնության կոչ է արել՝ եզրափակելով. «Հաղթանակն այլընտրանք չունի»:
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանին ու Միքայել Աջապահյանին, ինչպես նաև ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման 14 աջակիցների։ Աջապահյանը մեղադրվում է իշխանության բռնազավթման հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ, իսկ Գալստանյանը և «Սրբազան պայքարի» աջակիցները՝ պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու։
Բոլոր կալանավորվածները չեն ընդունում իրենց մեղքը։ Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ իրավապահների գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն։
Middle East Eye պարբերականը տեղեկացել էր հուլիսի վերջին Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին: Վարչապետի աշխատակազմից ո՛չ հերքել էին, ո՛չ հաստատել այդ տեղեկությունը: