«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանում անելիք չունի և կոչ է արել միավորվել նոր քաղաքական ուժի շուրջ:
Ի պաշտպանություն գործարարի տեղի ունեցած ակցիայի ընթացքում փաստաբան Արամ Վարդևանյանի ընթերցած ուղերձում Կարապետյանը նշել է, որ ապօրինի կալանքի տակ գտնվելով՝ մենակություն չի զգացել՝ մշտապես զգալով հազարավոր հայրենակիցների աջակցությունը:
«Մեկուսարանի պատերը և ճաղերը բացարձակ նեղություն չեն, երբ գործդ ու կյանքդ այսչափ գնահատված են մարդկանց կողմից»,- նշել է նա։
Գործարարը շնորհակալություն է հայտնել հայրենակիցներին՝ ընդգծելով, որ նման վերաբերմունքը ևս պարտավորեցնող է և իր համար առնվազն երկու բան է նշանակում:
«Առաջինը՝ մեր հայրենակիցների մեծամասնությունը համաձայն է ինձ հետ ու գտնում է, որ փոքրիկ մի խմբակ, տևական ժամանակ ուրանալով մեր պատմությունը և ավանդույթները, չի կարող իր նեղ շահերը հետապնդելով ոտնատակ անել մեր ինքնությունը, իրավունք չունի հարձակվել մեր Հայ Առաքելական սուրբ եկեղեցու վրա։ Մենք դա թույլ չենք տալու՝ մեր ձևով»,- շեշտել է Կարապետյանը։
Երկրորդը, ըստ Կարապետյանի, ժողովրդի վերաբերմունքը ցույց է տալիս, որ մեկուսարանում է ոչ թե ինքը, այլ օրվա իշխանությունները։
«Նրանք մեն-մենակ են՝ հայ ժողովրդից և Հայաստանից հեռվացած, մեր պատմական արժեքներից մեկուսացած և մենք պետք է միասին ոչ թե արձանագրենք այս իրողությունը, այլ քաղաքակիրթ ու քաղաքական ճանապարհով տեսանելի դարձնենք այն բոլորին»,- ընդգծել է նա։
Կալանավորված բարերարը պատրաստակամություն է հայտնել անցնել պայքարի ճանապարհով՝ «հանուն մեր երկրի ու մեր հարազատ հողի, որը մեր փոխարեն ոչ ոք չի շենացնի ու չի պաշտպանի»։
«Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը։ Հայաստանը պետք է դառնա բարեկեցիկ ու ժամանակակից, արդար ու ապահով երկիր, ներքին համերաշխությամբ ու համախմբվածության երկիր, արցախցիների բոլոր իրավունքներն իրականում պաշտպանող երկիր, իրապես ինքնիշխան ու վստահելի դաշնակից և արժանապատվությունը վերականգնած երկիր՝ անցյալում թողնելով սև-սպիտակի բաժանումը, ներազգային արհեստական պառակտումը, սփյուռքի հետ հարաբերությունների քայքայումը, մեր երեխաների և երիտասարդների ճանակագրի անորոշությունը, բռնաճնշումներն ու ապօրինությունները, պարտությունն ու նվաստացումը, աղքատությունն ու հուսահատությունը»,- հայտարարել է Կարապետյանը։
Նա շեշտել է, որ գիտի ինչպես անել այդ ամենը։ «Եվ դա անելու ենք միասին։ Միասին ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ հենց սա է հային վայել ձևը: Միասին՝ դեպի մեր պատմության նոր և լավագույն շրջան»:
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում:
Մանրամասները՝ տեսանյութում։