Հեշտ կառավարելու համար են մեզ բաժանել, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։
«Հայաստանում այս պահին շատ են մարդկանց առանձնացումները և բաժանումները, մենք բաժանված են, մեկն ընդդիմադիր է, մեկը՝ իշխանամետ, մեկը՝ արևամտամետ, մեկը՝ ռուսամետ, մեկը՝ պահպանողական, մյուսը՝ ազատական։ Այս ամենը նրա համար է, որ մեզ հեշտ կառավարեն։ Հեշտ կառավարելու համար են մեզ բաժանել»,- ասել է նա։
Կարապետյանի խոսքով՝ պետք է մարդկանց բաժանել երկու խմբի՝ կառուցողներ և քանդողներ։
Ըստ նրա՝ մարդը քանդող է, եթե միայն վատ բաներն է տեսնում, երբ ամբողջ նախորդ տարիների ընթացքում խոսում է միայն ուրիշների թերություններից, մարդկանց ու հասարակության մեջ առկա վատ բաներից։ Կառուցողները մարդկանց մեջ միայն լավն են տեսնում, այն 80% լավը։
«Սամվել Կարապետյանը կառուցող մարդ է, տեսնում ու զարգացնում է մարդու լավ կողմերը»,- հավելել է նա։
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահը հուլիսի 1-ին հայտարարել էր Երևանում երթի մասին՝ երկրում տիրող անարդարության և անօրինականության դեմ բողոքի ակցիայի շրջանակներում:
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում:
Մանրամասները՝ տեսանյութում։