ՀՅԴ-ն ու Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարել են, որ իշխանությունները փորձում եմ խոչընդոտել քաղաքացիների մասնակցությունը «Տաշիր» ընկերությունների խմբի կալանավորված ղեկավար Սամվել Կարապետյանին աջակցող երթին:
«Այսօր վաղ առավոտից ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որևէ հիմքի հրավիրում են ոստիկանության մարզային բաժիններ, որտեղ նրանց ապօրինի կերպով հորդորում են զերծ մնալ այսօր` ժամը 18։00-ին Երևանում հաջակցություն Կարապետյանի կազմակերպված հավաքին մասնակցելուց, որոշ դեպքերում էլ անիմաստ հարցաքննություններով պահում բաժիններում»,- ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարության մեջ:
Դաշնակցությունը շեշտել է, որ նման կերպ ոստիկանությունը սահմանափակում է քաղաքացիների ազատ տեղաշարժվելու և հավաքներին մասնակցելու իրավունքը:
«Ակնհայտ է, նման քայլերով անհնար է մեր քաղաքացիներին հետ պահել իրենց արդար բողոքի ձայնը բարձրացնելուց, և այսպիսի գործողություններն ընդամենը վկայում են վարչախմբի վախերի մասին»,- նշել է ՀՅԴ ԳՄ-ն։
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունն ահազանգել է՝ վերջին րոպեներին տեղեկություններ են ստանում, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող բազմաթիվ քաղաքացիների ներկայացվում է ժամը 17:30-ին ոստիկանության բաժիններ կամ քննչական մարմին ներկայանալու պահանջ։ Իրավապաշտպանների նախաձեռնությունն ընդգծել է՝ ակնհայտ է, որ «այս «պատահական զուգադիպությամբ» իշխող ուժը փորձում է քաղաքացիներին ապօրինաբար զրկել ժամը 18:00-ին հրավիրված խաղաղ հավաքին մասնակցելու հնարավորությունից»։
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը հուլիսի 1-ին հայտարարել էր Երևանում երթի մասին՝ երկրում տիրող անարդարության և անօրինականության դեմ բողոքի ակցիայի շրջանակներում:
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում: