Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի այսօր՝ հունիսի 27-ին, Թուրքիա մեկնելու իրական պատճառը Հայաստան-Թուրքիա ապրանքների շրջանառության, բեռնափոխադրումների ու տարանցման հարցերն են, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիա մեկնելուց առաջ խորհրդակցություն է անցկացրել Խուդաթյանի և նրա տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ, որի ժամանակ քննարկել են՝ արդյոք դե յուրե հնարավո՞ր է Հայաստանից դեպի Թուրքիա ապրանքների արտահանումը, Թուրքիայից Հայաստան ներմուծումը։
Ըստ թերթի՝ անդրադարձ է կատարվել Թուրքիայով ապրանքների տարանցմանը և Թուրքիայից Հայաստանով տարանցում իրականացնելու հնարավորությանն ու թուրքական բեռնատարների՝ Հայաստանի տարածքով կամ հակառակը բեռնափոխադրում կատարելու հարցը։
Թերթը պարզաբանել է, որ Թուրքիա այցը ոչ թե «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում»-ին մասնակցելն է, այլ նշված հարցերը կոնստրուկտիվ հուն ուղղելն ու հարաբերություններ հաստատելը։
Փաշինյանը Թուրքիա էր այցելել հունիսի 20-ին։ Երկրի նախագահի հետ բանակցությունների ընթացքում նա քննարկել էր Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը, Երևան-Բաքու խաղաղության գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները: