Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոր մտահոգություն է հայտնել «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և իր համախոհների նկատմամբ այսօր իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների և նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ, ասվում է Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության մեջ։
Հայտարարությունն ընդունել է հունիսի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։
Նշվում է, որ իրավական գործընթացի նկատմամբ վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ սկզբից ևեթ ՀՀ վարչապետը և իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական նկատառումներով տարաբնույթ հրապարակումների միջոցով փորձում են ուղղորդել իրավապահ մարմիններին։
«Դատապարտելի է նաև հիշյալ գործընթացը եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու և Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը, ինչն ամբողջապես տեղավորվում է իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավի համատեքստում»,- ասվում է հայտարարության մեջ։
Մայր Աթոռը հավելել է, որ օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին և հորդորել է պատկան մարմիններին չտրվել քաղաքական շահարկումներին, առաջնորդվել ՀՀ սահմանադրության և օրենքների պահանջներով՝ հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ շարժման աջակիցների տներում քննչական, վարութային գործողություններ իրականացնելու պատճառը «ՀՀ-ում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնելու» ծրագիրն էր, ինչը կանխվել է։ Կոմիտեն ավելի ուշ հրապարակել էր կառավարական կայքերի վրա կիբեռհարձակումների, զանգվածային բողոքի ցույցերին մասնակցելու համար խմբերի ձևավորման, ինչպես նաև իշխանությունը փոխելու համար ուժի կիրառման սցենարների թույլտվության մասին ձայնագրություններ։
Իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործը հարուցվել էր Civic.am կայքի հրապարակած փաստաթղթի հիման վրա՝ որակելով այն պետության «Հեղաշրջման պլան»։
ՔԿ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ 16 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան։Նրանց թվում է նաև Գալստանյանը։ Շարժումը հրապարակել է ձերբակալված 13 անձանց անունները՝ Բագրատ Սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, Մովսես Շարբաթյան, Լիդյա Մանթաշյան։