Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մայիսի 15-ին Ալբանիայում Ադրբեջանի հանրային հեռուստատեսությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տված հարցազրույցից եզրակացրել է, որ Հայաստանը «հետաքրքրված չէ կայուն խաղաղությամբ և փորձում է պահպանել պահեստային տարբերակ՝ ապագայում Ադրբեջանի դեմ ագրեսիան վերսկսելու համար»։
Ադրբեջանական գերատեսչությունը պնդում է, որ Փաշինյանը «կրկին փորձել է մոլորեցնել միջազգային հանրությանը» Հայաստանի սահմանադրության մեջ պարունակվող ենթադրյալ տարածքային պահանջների, ինչպես նաև Մինսկի խմբի լուծարման հարցի վերաբերյալ։
«Մինսկի խմբի պաշտոնական լուծարմանը դիմադրելու Հայաստանի փորձերը և գործընթացը խաղաղության համաձայնագրի հետ կապելու ցանկությունը ցույց են տալիս Ադրբեջանի դեմ թաքնված օրակարգի առկայությունը»,- կարծում է նախարարությունը։
Փաշինյանը, պատասխանելով Տիրանայում գտնվող ադրբեջանական հեռուստաալիքի թղթակցի հարցին՝ Բաքվի կողմից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջի վերաբերյալ, հայտարարել էր, որ Բաքուն ցանկանում է «արտահանել հակամարտությունը» Հայաստանի տարածք։ Ըստ Հայաստանի վարչապետի՝ դրա հիման վրա հայկական կողմն առաջարկում է միաժամանակ ստորագրել խաղաղության պայմանագիր և համատեղ հայտարարություն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի կառույցների լուծարման վերաբերյալ։
Փաշինյանը նաև կարծիք էր հայտնել, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ պարունակվող Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը լուծվել է խաղաղության համաձայնագրի նախագծում, և «դրա չեզոքացման համար անհրաժեշտ է ստորագրել և վավերացնել համաձայնագիրը»։
Մայիսի 7-ին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ ՀՀ նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամսվա ընթացքում։ Մեկնաբանելով այն հարցը, թե հնարավո՞ր է, որ Անկախության հռչակագիրը բացառվի Սահմանադրության նոր տեքստից, Գալյանը պատասխանել էր, որ «քննարկվում են տարբերակներ»։