«Քաղաքացիական պայմանագրում» քննարկվում են կոռուպցիայի և հովանավորչության հետ կապ ունեցող բոլոր թեմաները, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Նա այսպես է պատասխանել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականի պատճառների մասին մամուլի հրապարակումներին։
«Չկա մի թեմա, որը թեկուզ 0,001%-ով կապ ունենա կոռուպցիայի կամ հովանավորչության հետ, թեկուզ մամուլում գրված, ինչ-որ մարդկանց հայտարարությունները, կախված, իհարկե դրանց լրջությունից և հիմնավորումից, քննարկվում են, չեն կարող չքննարկվել։ Կարող եմ ասել՝ քննարկվում են սուր ձևով»,- նշել է նա՝ շեշտելով, որ եթե որևէ մեկի հետ կոռուպցիոն թեմա լինի, բոլորը կիմանան։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024թ․ հուլիսի 15-ին Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանին ենթարկել էր վարչական պատասխանատվության 300 000 դրամի չափով՝ շահերի բախմանն առնչվող գործողություններ կատարելու համար։
Մամուլի տեղեկություններով՝ իրավապահները կասկածներ ունեն գազալցակայանում տեղի ունեցած սպանությանը Գասպարյանի ամուսնու մասնակցության շուրջ։
Մայիսի 15-ին Գասպարյանը Վաղարշապատի համայնքապետի պաշտոնից հրաժարական էր տվել։