ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու խորացնել փոխգործակցությունը ԵՄ հետ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ԵՄ պաշտոնյաները կարևոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը։
Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպական միության հետևողական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը:
Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներն իրենց հերթին վերահաստատել են աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին և ողջունել Հայաստանի կողմից ձեռնարկվող դրական քայլերը՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ: Նրանք ընդգծել են վիզաների ազատականացման գործընթացի երկուստեք արագացման կարևորությունը:
ԵՄ պաշտոնյաները ողջունել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը: Նրանք շեշտել են ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել խաղաղության գործընթացին և խթանել տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատումը:
Ազգային ժողովը մարտի 26-ին ամբողջությամբ ընդունել էր ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին օրինագիծը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։ Նույն օրը Կրեմլից նշել էին, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ։