Բաքվում կան շրջանակներ, որոնք ձգտում են հակամարտությունն արտահանել Հայաստանի տարածք, Տիրանայում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Բաքվի պահանջի մասին ադրբեջանական հեռուստաալիքի թղթակցի հարցին:
«Մենք Ադրբեջանի սահմանադրության մեջ տարածքային պահանջներ ենք տեսնում Հայաստանի նկատմամբ։ Եվ մենք, ցավոք, տեսնում ենք կոնկրետ քաղաքական շարժումներ Ադրբեջանում, որոնք հիմք են տալիս մտածելու, որ առնվազն Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք ցանկանում են փակել հակամարտության էջը իրենց տարածքում և արտահանել հակամարտությունը Հայաստանի տարածք»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ դրանից ելնելով՝ հայկական կողմն առաջարկում է միաժամանակ ստորագրել խաղաղության պայմանագիր և ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ հայտարարություն՝ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին:
Փաշինյանը նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սահմանադրության մեջ պարունակվող տարածքային պահանջների հարցը լուծված է խաղաղության համաձայնագրի նախագծում և «դրանք հանելու համար անհրաժեշտ է ստորագրել և վավերացնել համաձայնագիրը»:
«Այն հարցերը, որոնք բարձրացվում են և Հայաստանում, և Ադրբեջանում, լուծված են խաղաղության համաձայնագրի նախագծում»,- հայտարարել է նա:
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Պաշտոնական Երևանը հաստատել էր նախագծի հաստատման ավարտը, ավելին՝ հայտարարել, որ պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։ Մարտի 14-ին ՀՀ ԱԳՆ-ն որոշ մանրամասներ էր ներկայացրել խաղաղության պայմանագրի դրույթների մասին։
Ապրիլի 14-ին Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել էր խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումն ստորագրել միաժամանակ։
Մանրամասները՝ տեսանյութում։