Ռուս-ուկրաինական հակամարտության հարցով բանակցություններին ընդառաջ Անկարայում մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, հայտնել են թուրքական ԶԼՄ-ները։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN-ին տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա չի լինի Ստամբուլի բանակցություններին։
«Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի Ստամբուլում նախատեսվող բանակցություններն արդյունավետ լինեն:
Ավելի ուշ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հաստատել է, որ ԱՄՆ պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ, որտեղ նախատեսվում են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները։
Մայիսի 11-ին Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։ Ավելի ուշ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է հանդիպել, և ինքը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի Պուտինին։ ՌԴ նախագահը մայիսի 14-ի երեկոյան հաստատել էր Ստամբուլ մեկնող ռուսական պատվիրակության կազմը, որտեղ ո՛չ ինքն էր ընդգրկված, ո՛չ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: