Ադրբեջանը դառնում է ավելի լկտի ու վտանգավոր, իշխանությունը կա´մ լուռ է, կա´մ անհեթեթ մեկնաբանություն է տալիս, հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանը 10 օրից ավելի է, ինչ համակարգային առումով խախտում է հրադադարի ռեժիմը` վախ, սարսափ և խնդիրներ ստեղծում սահմանամերձ բնակիչների համար, սակայն, սակայն իշխանությունը մարդկանց խաբում է, վախեցնելով՝ զգուշացնում, որ լռեն, հարցազրույցներ չտան, խնդիրը չբարձրաձայնեն` հավաստիացնելով, որ իրենք խաղաղություն են կառուցում»,- գրել է Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ իրադրության լրջությունը նոր միայն ստիպել է իշխանությանը` հանրությանը տեղեկացնելու, որ ադրբեջանցիները ոչ միայն կրակում են մարտական դիրքերի, այլև բնակավայրերի ուղղությամբ, ու հետևանքն այսօր Խնածախում տեղի ունեցածն է` անհերքելի ապացույցներով:
ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տուն։
Ադրբեջանը մարտի 16-ից պարբերաբար հայտնում է Հայաստանի հետ սահմանին իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին, որոնք ՀՀ ՊՆ-ն հերքում է։
Մարտի 18-ին վարչապետի աշխատակազմը հայտարարել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին չի փոխանցել հրադադարի խախտման ապացույցներ և շեշտել, որ ՀՀ բանակը հրադադարի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել էր վարչապետի աշխատակազմի հայտարարությունը և կրկնել Հայաստանի կողմից կրակոցների մասին կեղծ պնդումները։
Մարտի 25-ին ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել ու նշել, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։