Բաքուն խաղաղության համաձայնագրի ստորագրման բանակցություններին զուգահեռ նախապայմաններ է առաջադրում, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ցավոք, կան զուգահեռ նախապայմաններ։ Պետք է աշխատենք ոնց, տեսնենք ոնց լուծում կգտնենք։ Ընդհանուր կարգավորման գործընթացը շարունակվում է»,- նշել է Միրզոյանը։
Նախարարը հիշեցրել է, որ այդ նախապայմանները նախկինում էլ էին հնչեցվել, սակայն Երևանը չի ճանաչել դրանց լեգիտիմությունը և չի ներառել օրակարգում։
«Մենք այդ մասին երբևէ չենք բանակցել, եղել է մտքերի փոխանակություն, որ մենք ունենք այսպիսի պահանջ, մենք էլ ասում ենք դե մենք էլ այսպիսի պահանջ ունենք, Ձեր պահանջն էլ չենք ընդունում»,- ասել է նա։
Նախարարը նշել է, որ այս պահին պայմանավորվածություն չկա իր և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի կամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները միշտ պատրաստ են բանակցել ադրբեջանցի քաղաքական գործիչների հետ և շարունակել քննարկումները, ընդգծել է նա։
Միրզոյանը հերքել է նաև հաշտության համաձայնագրում «Զանգեզուրի միջանցքի» մասին կետի առկայությունը։ «Տրանսպորտային ուղիների մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա միայն այն, որ կողմերը կարող են բանակություններ սկսել և համագործակցություն ծավալել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնքող այնպիսի ոլորտներոոմ, ինչպիսիք են տնտեսությունը, տրանսպորտը»,- ասել է Միրզոյանը։
Նախարարը հավելել է, որ Բաքվի հայտարարությունները «գրավյալ տարածքների» համար փոխհատուցում վճարելու Երևանի ենթադրյալ պարտավորության մասին խաթարում են բանակցային գործընթացը։ Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է թվարկել տասնյակ կետեր, որոնցում ադրբեջանական կողմը ոտնահարել է մարդու իրավունքները և նյութական վնաս պատճառել Հայաստանին։
Ըստ Միրզոյանի՝ պայմանագրի՝ միջազգային իրավական պահանջներից հրաժարվելու մասին դրույթը նշանակում է, որ դրա ուժի մեջ մտնելուց հետո կողմերը պարտավորվում են ապագայում միմյանց նկատմամբ պահանջներ չներկայացնել փաստաթղթի ստորագրումից առաջ գոյություն ունեցած հարցերի վերաբերյալ։
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ բաց էին։
Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։