Հայաստանը Թուրքիայի հետ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը, թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իհարկե, մենք հետաքրքրված ենք, թե նույն Սիրիայի հարցում, որտեղից, ցավոք, որոշ անհանգստացնող լուրեր նորից սկսեցին գալ, ինչպե՞ս կարող ենք համագործակցել։ Եվ նման խոսակցություն նույնպես կա Հայաստանի և Թուրքիայի միջև, շատ ծավալուն խոսակցություն չէ, բայց այնուամենայնիվ՝ այո՛, այդ օրակարգը կա, էլի եմ ասում, հարգելով բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, նրանց իրավազորությունը: Այսինքն՝ մեր ընկալումներն այդպիսին են»,- ասել է նա։
Վարչապետը նշել է, որ Երևանը մտահոգված է Սիրիայի և Լիբանանի հայ համայնքների ճակատագրով։
«Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի տեսնենք՝ ինչ կարող ենք անել այդ երկրներում մեր համայնքների համար հնարավորինս լավ պայմաններ ապահովելու համար, այն, ինչ մեր հասանելիության տիրույթում է: Թուրքիայի հետ այդ ուղղություններով աշխատելու կոնկրետ քննարկումներ և խոսակցություններ ենք ունեցել, և եթե ոչինչ չխանգարի, կունենանք նաև համագործակցության կոնկրետ դրսևորումներ»,- ասել է Փաշինյանը։
Մարտի 6-ին արևմուտքում՝ Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում, բախումներ էին սկսվել անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների զինված խմբերի միջև։ Ամենածանր բախումները տեղի էին ունեցել Ջեբլա քաղաքում, որտեղ ապրում են ալավիները՝ կրոնական փոքրամասնություն, որին պատկանում է Ասադների ընտանիքը։ Մարտի 7-ին նոր իշխանությունները վերահսկողության տակ էին վերցրել Լաթաքիա քաղաքը՝ հեռացնելով Ասադի զինված կողմնակիցներին։ Մարտի 9-ի դրությամբ՝ Սիրիայի արևմուտքում զոհերի թիվը գերազանցել էր 1000-ը։
Մարտի 8-ին «Գանձասար»-ը հայտնել էր, որ Լաթաքիայի հայերին հրահանգվել է տներից դուրս չգալ, ավելի ուշ տեղեկացրել Լաթաքիայում կրակոցների հետևանքով երկու հայի զոհվելու մասին։ «Գանձասար»-ի թղթակից Նաիրի Կարապետյանն Armenia Today-ին հայտնել էր, որ զոհված հայերը պատահական էին հայտնվել կրակոցների վայրում։ Կարապետյանի խոսքով՝ Լաթաքիայում շուրջ 650 հայ ընտանիք է ապրում, հայեր են բնակվում նաև ծովեզրյա Տարտուսում և Բանիասում։