Թուրքիայի իշխանությունները պաշտպանում են Ուկրաինայում արագ հրադադարի և ցամաքում, օդում և ծովում հարձակումների դադարեցման գաղափարը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Վճռականորեն պաշտպանում ենք մեր ռազմավարական գործընկեր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը։ Մենք ուշադրություն ենք հրավիրում ամուր դիվանագիտական հիմքի կարևորության վրա, որի շրջանակներում երկու կողմերը, որոնք պայքարում են արդար, տևական և արժանապատիվ խաղաղության համար, կնստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Պաշտպանում ենք հրադադարի հնարավորինս շուտ հաստատման գաղափարը՝ որպես կողմերի միջև վստահության ամրապնդման միջոց»,- ասել է Թուրքիայի ղեկավարը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և ԵՄ գործընկեր երկրների ղեկավարների հետ տեսահամաժողովի ժամանակ։
Էրդողանը կրկնել է, որ Թուրքիան «պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ, ներառյալ՝ բանակցային գործընթացը, Ուկրաինայում արդար, տևական և արժանապատիվ խաղաղության հաստատման գործում»։
Նա նշել է, որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԵՄ-ի կողմից ներկայացված մոտեցումները համահունչ են «Սև ծովում նավարկության անվտանգությունը երաշխավորող համաձայնագիր մշակելու Թուրքիայի ջանքերին»։
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Փետրվարի 18-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ցանկանում է գրեթե լիակատար վերահսկողություն ունենալ ուկրաինական ռեսուրսների և դրանցից ստացված եկամուտների կեսի վրա։
Փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել էր Վաշինգտոն՝ հանքարդյունաբերության գործարք կնքելու համար։ Նրա հանդիպումը Թրամփի հետ վերածվել էր վիճաբանության՝ հենց լրատվամիջոցների առջև, և գործարքը ձախողվել էր: