«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը Երևանում հացադուլ է սկսել՝ կոչ անելով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել Բաքվի բանտում անցկացվող հացադուլը։
«Լիովին սատարելով Ռուբեն Վարդանյանի հացադուլի հիմքում ընկած պահանջները, այս պահից Ազատության հրապարակում սկսում եմ հացադուլ՝ որպես խնդրանք Ռուբենին՝ դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող այս հացադուլը»,- հայտարարել է Թանդիլյանը։
Նա հիշեցրել է, որ արդեն 12-րդ օրն է՝ Վարդանյանը գտնվում է հացադուլի մեջ։
Թանդիլյանը շեշտել է, որ յուրաքանչյուր մեկ ավել օր հացադուլը նրա առողջության համար անշրջելի հետք է թողնում՝ կյանքի անդառնալի սպանալիքով։
«Դժվար է պատկերացնել, թե ինչերի միջով է անցնում Ռուբենը, սակայն մի բան ակնհայտ է և ինքնախաբեության տեղիք չի թողնում․ Ռուբենի կողմից այս քայլին գնալը խոսում է այն մասին, որ սպառվել են մնացած գործիքները։ Սա քայլ է՝ հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի բանտերում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարական ֆարսին»,- հավելել է նա։
2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի 8 քաղաքական և ռազմական առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Փետրվարի 19-ին նախկին պետնախարարը երկրորդ անգամ հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ կոչ անելով ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։ Փետրվարի 25-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ շինծու դատական գործով նիստում Վարդանյանը հացադուլի պատճառով իրեն վատ է զգացել, որից հետո դատավորը բուժզննման համար ընդմիջում էր հայտարարել։
Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։ Փետրվարի 27-ին նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, միջազգային հանրությանը, աշխարհասփյուռ հայությանը կոչ էր արել քայլեր ձեռնարկել Բաքվի դեմ, որտեղ Վարդանյանը խոշտանգումների է ենթարկվում։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուսանկարում Վարդանյանի դեմքին կապտուկներ էին։ Փետրվարի 28-ին ամերիկահայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ էր արել քայլեր ձեռնարկել Վարդանյանին ազատելու համար։
Փետրվարի 28-ին ՀՀ ԱԳՆ-ն «խորը մտահոգություն» էր հայտնել Բաքվի բանտերում հայ ռազմագերիների և պատանդների, այդ թվում՝ հացադուլի մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների կապակցությամբ։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ շենքի մոտ տեղի էր ունեցել ակցիա՝ իշխանություններից պահանջելով նպաստել հայ ռազմագերիների, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակմանը։