ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն այօրվանից՝ փետրվարի 20-ից, Հայաստանում սկսել է աշխատանքը՝ նոր մանդատի շրջանակում, X-ի իր էջում գրել է առաքելությունը։
«Մանդատի առաջին օրը հաստատում ենք, որ EUMA-ն հավատարիմ կմնա տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և կշարունակի պարեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական հատվածում: Նոր մանդատ` 20.02.2025 -19.02.2027թ.»,- գրել է առաքելությունը։
Հունվարի 30-ին ԵՄ խորհուրդը երկու տարով երկարաձգել էր Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության մանդատը։ Հունվարի 29-ին ԵՄ երկրների դեսպանները հավանություն էին տվել առաքելության երկարաձգմանը։
2023 թվականի փետրվարի 20-ին մեկնարկել էր ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունը Հայաստանում, 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն որոշել էր Հայաստանում դիտորդների թիվը 138-ից հասցնել 209-ի:
2024 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին առաջարկել է ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից։ Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ պայմանավորվածությունը «բավարար է» ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար։