ԵՄ-ն շարունակելու է ակտիվորեն նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման օրակարգի լիարժեք իրացմանն ու կյանքի կոչմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը:
ԵՄ պաշտոնյան շեշտել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ ԵՄ հանձնառությունն ու պատրաստակամությունը: Զիբերթը ԵՄ անունից զորակցություն է փոխանցել Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով զոհերի կապակցությամբ, նաև պատրաստակամություն հայտնել ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն վերականգնողական աշխատանքներում:
Ըստ գերատեսչության՝ վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը, երկկողմ օրակարգով նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, տեխնոլոգիական, զբոսաշրջության ոլորտներում կապերի զարգացման անհրաժեշտությունը: Վարչապետն ընդգծել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը:
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը, Արևելյան գործընկերության ծրագրին, տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:
Բրյուսելում ապրիլի 5-ին եռակողմ հանդիպում էր կայացել Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի միջև։ Հանդիպումից հետո հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը 270 մլն եվրո կհատկացնի Հայաստանի զարգացմանն առաջիկա չորս տարվա կտրվածքով, իսկ ԱՄՆ-ն պատրաստ է 65 մլն դոլարի չափով օգնություն տրամադրել։