Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում ԱՄՆ Կանզաս նահանգի ներկայացուցիչները ադյուտանտ գեներալ, գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորությամբ այցելեցին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Պատվիրակությունը շրջել է հոսպիտալում, ծանոթացել հոսպիտալի հնարավորություններին, ինչպես նաև ծառայության կազմում գործող շարժական դաշտային հոսպիտալի կարողություններին ու դրա միջազգային գնահատման նախապատրաստական աշխատանքներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այցի ընթացքում ամփոփվել են ռազմական բժշկության ոլորտում համագործակցության ձեռքբերումները, ընդգծվել գործընկերության հետագա ընդլայնման կարևորությունը և փոխգործակցության համար առավել հետաքրքրություն ներկայացնող ռազմական բժշկության ուղղությունները։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիի և Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդիի հետ քննարկել է ռազմական համագործակցությունը։