Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ պատասխանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 22-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումից ակնկալիքների մասին հարցին։
Փրայսի խոսքով՝ Վաշինգտոնն այդ գործընթացի շրջանակներում հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի կառուցմանը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը կողմերին կոչ է անում շարունակել երկխոսությունը և ակտիվացնել դիվանագիտական շփումները:
«Անհրաժեշտ է համապարփակ լուծումներ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բոլոր չկարգավորված հարցերի համար և հարաբերությունները կարգավորել համապարփակ խաղաղ համաձայնագրի կնքման միջոցով։ Մենք պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին և օգնել Հայաստանին ու Ադրբեջանին այդ ջանքերում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,- հայտարարել է Փրայսը։