Այն օրակարգը, որը բերվել է Երևան, տիպիկ է: Որևէ դավադրություն անհրաժեշտ չէ այստեղ փնտրել: Քննարկվել է Հարավային Կովկասում անվտանգության հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Երևանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստին՝ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:
Նա հայտնել է, որ երեկ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստում ընդունվել է բանաձև, որին ինքը կողմ չի քվեարկել:
Դիտարկմանը՝ բանաձևը հակառուսական էր, ասել է, որ այն այսօր խմբագրման է ենթարկվելու: Նա այդպես էլ չհստակեցրեց, թե ինչի մասին է այդ բանաձևի բովանդակությունը: Մարիա Կարապետյանը շեշտեց, որ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորները նիստերի ընթացքում բարձրաձայնել են նաև Ադրբեջանում գտնվող հայ գերիների, պահվող անձանց հարցի մասին:
Նրա խոսքով՝ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, թե օրակարգից դուրս են եղել հումանիտար հարցերը:
Հիշեցնենք, որ Երևանում ընթանում են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը: Երևան ժամանած պատվիրակության կազմում նաև ադրբեջանցի պատգամավորներ կան: