Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան պետք է աջակցի Հայաստանին Ռուսաստանի հայտարարությունների ֆոնին։
X-ում իր գրառման մեջ Զելենսկին նշել է, որ Ռուսաստանն «այժմ շատ ավելի բացահայտ է սպառնում հարևան երկրներին, քան նախկինում» և որ «Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսել է, թե ինչ է ասվել Հայաստանի մասին, որի ժողովուրդը միայն իրավունք ունի որոշելու և կորոշի իր երկրի ապագան»։
«Ոչ ոք չի կարող մնալ առանց աջակցության. Եվրոպան իրավունք չունի կորցնել իր որևէ ժողովրդի, լքել իր որևէ երկիր։ Մենք պետք է աջակցենք Հայաստանին, Մոլդովային, Բալթյան երկրներին, Ադրբեջանին։ Պետք է գտնենք նաև Վրաստանի ժողովրդին աջակցելու ուղիներ, և սա Եվրոպայի ընդհանուր խնդիրն է։ Ոչ ոք չի կարող կորչել»,- հայտարարել է Զելենսկին։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից կարող է հանգեցնել երկրի ՀՆԱ-ի 14%-ի կորստի և էներգակիրների գնաճի։ Ռուսաստանի նախագահը կրկնել էր, որ «Ուկրաինայի ճգնաժամն սկսվել էր Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու փորձերից»՝ ընդգծելով Ռուսաստանում և ԵՄ-ում չափորոշիչների և նորմերի տարբերությունները, ինչպես նաև երկու դաշինքին Հայաստանի միաժամանակյա անդամակցության անհամատեղելիությունը։


























