«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը մայիսի 13-ին Իջևանում կայացած քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ նվազագույն կարիքները հոգալու համար անհրաժեշտ է կենսաթոշակներն ավելացնել ևս 12 000 դրամով։
Դաշինքի առաջնորդը խոստացել է, որ իշխանափոխությունից հետո՝ առաջին վեց ամսվա ընթացքում, կիրականացվի թոշակների հավելյալ բարձրացում։ Կարապետյանն ընդգծել է, որ բյուջետային հնարավոր խնդիրների դեպքում իրենք կգտնեն իրատեսական լուծումներ նշված գումարն ապահովելու համար։
Նրա խոսքով՝ թեև իշխող ուժի կողմից կենսաթոշակների վերջին՝ 10 000 դրամով բարձրացումը դրական է ընդունվել քաղաքացիների կողմից, դա վկայում է ավագ սերնդի սոցիալական ծանր կացության մասին։
«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վիճակի են հասցրել մեր ավագ սերնդին, որ մարդիկ թոշակի ամսական ընդամենը 10 000 դրամի համար այդքան ուրախանում են։ Այլ երկրներում թոշակները հարյուրավոր դոլարներ են, իսկ մեզ մոտ այդ 10 000 դրամի համար մարդիկ որքան են օրհնում ու շնորհակալություն հայտնում»,- հայտարարել է Կարապետյանը։
Քաղաքական գործիչը հիշեցրել է նաև ծայրահեղ աղքատության հաղթահարման իրենց ծրագրի մասին, ըստ որի՝ դաշինքն առաջ է քաշում ծայրահեղ աղքատության հաղթահարման հիմնադրամ ստեղծելու ծրագիր։ Հիմնադրամի ֆինանսավորման մեծ մասը՝ 70%-ը, կապահովեն Սփյուռքի հայ գործարարները և հայկական կառույցները, իսկ փոքր մասը՝ 30%-ը, կհատկացնի պետությունը, նշել է նա։
Հիմնադրամն, ըստ Կարապետյանի, ամսական կենսաթոշակ և նպաստ կնշանակի այն մարդկանց համար, ովքեր գտնվում են ծայրահեղ աղքատության մեջ։
«Օրինակ՝ 5 անձից բաղկացած ընտանիքին կհատկացվի 150 000 դրամ, որպեսզի մարդիկ կարողանան երեխաներին լավ կրթություն տալ, կահավորել իրենց տունը և հոգալ ապրուստի ծախսերը։ Եթե անգամ մարդն աշխատանք ունի, բայց դեռևս համարվում է ծայրահեղ աղքատ, շարունակելու ենք աջակցել նրան»,- հայտարարել է Կարապետյանը։
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչը շեշտել է, որ այս ծրագիրը կարող է իրագործել միայն դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Ոչ ոք չի կարող նման ծրագիր առաջարկել, քանի որ այլ պարագայում գործարարները նման մեծ գումարներ չեն ներդնի. նրանք դա անում են միայն նրա խոսքին վստահելով։ Այսպիսով՝ մենք շատ կարճ ժամանակում կհաղթահարենք ծայրահեղ աղքատությունը»,- նշել է Կարապետյանը։
Մայիսի 1-ին պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ Կարապետյանը նշել էր, որ դաշինքն ունի 6-ամսյա ժամկետում ծայրահեղ աղքատության հաղթարման փուլային ծրագիր։
Կարդացեք նաև՝





































