«Հայաստան» դաշինքը պատրաստ է աջակցել այն ընդդիմադիր ուժին, որն ընտրությունների արդյունքում կստանա առավելագույն ձայներ և կվաստակի վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք։ Այս մասին ապրիլի 23-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում փաստաթղթերը ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է դաշինքի անդամ, պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Մեկնաբանելով հնարավոր հետընտրական զարգացումները և վարչապետի միասնական թեկնածուի հարցը՝ Մինասյանն ընդգծել է, որ որևէ նախնական գաղտնի պայմանավորվածություն այլ ուժերի, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ չկա։
«Տրամաբանական մոտեցումն այսպիսին է՝ ընդդիմադիր դաշտի առաջատար ուժը ներկայացնում է վարչապետի իր թեկնածուին, և մյուս ընդդիմադիրները՝ առնվազն մենք մեր մասով, աջակցելու ենք այդ թեկնածուին։ Ով կլինի առաջատարը, նա էլ, առաջին հերթին, կվաստակի այդ իրավունքը»,- պարզաբանել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքը չունի «ամեն գնով» սեփական թեկնածուին պարտադրելու նկրտում, եթե մեկ այլ ընդդիմադիր ուժ ավելի բարձր վստահության քվե ստանա։
«Հայաստան» դաշինքը մարտի 16-ի համագումարում վարչապետի թեկնածու էր առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ապրիլի 9-ին հայտնի էր դարձել «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը, որն ընդգրկում է Հայ հեղափոխական դաշնակցություն և «Առաջ» կուսակցությունները։






































