«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը քննչական մեկուսարանում տարել է երկկողմանի թոքաբորբ, որը ժամանակին չի ախտորոշվել։ Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը՝ հղում անելով գործարարի՝ տնային կալանքի պայմաններում իրականացված բժշկական հետազոտությանը։
Գործարարի պաշտպանական խմբի մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակումն իրականացրել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։
Փաստաբանների պնդմամբ՝ հիվանդությունն ախտորոշվել է միայն ներկա փուլում՝ չնայած պաշտպանական կողմի բազմաթիվ գրավոր դիմումներին, որոնցում մատնանշվել են խցում առկա ցածր ջերմաստիճանը և Կարապետյանի առողջության համար հնարավոր ռիսկերը։ Բժիշկների գնահատմամբ՝ հիվանդությունը զարգացել է հենց կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում։
Վարդևանյանը նշել է, որ պաշտոնատար անձինք գրավոր դիմումներին ի պատասխան հայտնել են, թե զննություններ են իրականացվել և առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել։
«Միակ ճշմարտությունն այդ փաստաթղթերում, մնացածն ամբողջությամբ հանցանքի հասնող անփութություն է, այն է, որ Կարապետյանի կողմից գանգատներ չեն ներկայացվել»,- ընդգծել է փաստաբանը։
Փաստաբան Արմեն Ֆերոյանն էլ հայտնել է, որ երկու օր առաջ Կարապետյանի մոտ ախտորոշվել է նաև COVID-19՝ ծանր ընթացքով։ Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ խցի ջերմաստիճանը կարգավորելու փորձերն ապարդյուն են անցել, ինչն իր բացասական ազդեցությունն է թողել գործարարի առողջական վիճակի վրա։
Փաստաբան Լիանա Գասպարյանը նշել է, որ Կարապետյանը չի դժգոհել իր առողջական վիճակից, սակայն հաշվի առնելով նրա կալանքի պայմանները՝ նրա պաշտպանությունը 2025 թվականի հունիսի 23-ից ի վեր յուրաքանչյուր երկու-երեք օրը մեկ դիմումներ էր ներկայացրել քրեակատարողական բժշկական կենտրոն՝ պահանջելով պատշաճ բժշկական զննում: Նա շեշտել է, որ յոթ ամիս անց որևէ գործողություն չի ձեռնարկվել՝ չնայած կենտրոնի աշխատակիցների այն հավաստիացումներին, որ զննումը կկազմակերպվի անհապաղ:
«Կարապետյանին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու արդյունքում՝ վերջինս ունի առողջության բարդարացման վիճակ։ Խափանման միջոցի փոփոխումը մեզ համար արդյունք չէ, դա մեզ համար որևիցե հաջողություն չէ, ես համարում եմ դա որպես չարիքից փոքրագույնը»,- հավելել է Գասպարյանը։
Փաստաբաններն անդրադարձել են նաև Քննչական կոմիտեի և Գլխավոր դատախազության միջնորդությանը՝ Կարապետյանին տնային կալանքից կրկին կալանավայր տեղափոխելու վերաբերյալ։
Վարդևանյանի խոսքով՝ իրավապահ մարմինների միջնորդության մեջ բացակայում են խափանման միջոցը փոխելու որևէ իրավական հիմքեր։ Նա տեղեկացրել է, որ դատախազությունը վերաքննիչ բողոքը Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան էր ներկայացրել հունվարի 5-ին՝ տարվա առաջին աշխատանքային օրը, ընդ որում՝ փաստաթուղթը մուտքագրվել էր առձեռն։ Միևնույն ժամանակ, Վարդևանյանը նշել է, որ քննչական խումբը չի իրականացրել ոչ մի քննչական գործողություն՝ չնայած օբյեկտիվ քննություն ապահովելու իր պարտականությանը։
Փաստաբանը գործը բնորոշել է որպես ձևական մեղադրանքների վրա հիմնված գործընթաց, որի հիմնական նպատակն է «ամեն գնով պահել կալանքը»։ Ըստ նրա՝ գործով ներգրավված է 53 քննիչ, սակայն առկա է քննչական մարմինների «տոտալ անգործություն», ինչն, ըստ նրա գնահատականի, գործընթացը դարձնում է «սարսափելի, չարամիտ և ամոթալի»։
Վարդևանյանի դիտարկմամբ՝ այս ֆոնին ակտիվ գործողություններ է ձեռնարկում դատախազությունը, որը կարողացել է օպերատիվ կերպով ապահովել վերաքննիչ բողոքի ներկայացումը՝ նպատակ ունենալով կրկին հասնել կալանավորման։
Փաստաբանը նաև ընդգծել է, որ գրավի կիրառումից և երկրից մեկնելու արգելքից հետո լրացուցիչ խափանման միջոցի անհրաժեշտությունը հիմնավորված չէ։ Նրա խոսքով՝ այդ միջոցները լիովին բավարար են, իսկ իրավական տրամաբանության տեսանկյունից պետք է քննարկվեր տնային կալանքի վերացման հարցը։
Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին, երբ հրապարակավ քննադատել էր Հայաստանի իշխանությունների կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և հոգևորականների հասցեին հնչող հայտարարությունները։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը դեկտեմբերի 30-ին վերադարձել էր տուն։ Դատարանը բավարարել էր փաստաբանական թիմի միջնորդությունը՝ գործարարի խափանման միջոց կալանքը փոխարինելով տնային կալանքով ու գրավով։

























