Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բաց կլինի 2026 թվականի հունվարի 1-ից դիվանագիտական անձնագիր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը` ԱՄՆ-ի ճնշումների ներքո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իրենց նոր առաջարկները, սակայն Թուրքիան պատրաստ չէ բեռների համար բացել սահմանները։ Վրաստանի տարածքով Թուրքիայից Հայաստան եկող բեռների ուղեկցող փաստաթղթերում վերջնական նպատակակետն այսուհետ նշվելու է Հայաստանը, այլ ոչ թե Վրաստանը, ինչպես նախկինում էր, տեղեկացրել է լրատվականը։
Մյուս առաջարկով Թուրքիան հայտնել է, որ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն է մշակել, սակայն փաստաթղթի ստորագրման համար պահանջել են Փաշինյանի այցը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի փոխարեն։
Բացի այդ, Թուրքիան Հայաստանից պահանջել է երկաթուղու շինարարություն սկսել Երասխից մինչև ադրբեջանական սահման և Ախուրիկից մինչև թուրքական սահման հատվածներում, նշել է թերթը։
Լրատվականի տեղեկությամբ՝ Փաշինյանի` դեկտեմբերի 22-ին Ռուսաստան մեկնելու հիմնական պատճառը երկաթուղու շինարարությունը Ռուսաստանին հանձնելն է։ Վարչապետին հաջողվել է համոզել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ այդ հատվածները կառուցվեն Ռուսաստանի միջոցների հաշվին, պատմել է օրաթերթը։
Փաշինյանը դեկտեմբերի 18-ին հայտարարել էր, որ ՀՀ-ն ՌԴ-ին խնդրել է շտապ զբաղվել երկաթուղու՝ Երասխ-Նախիջևան և Ախուրիկ-Թուրքիա մասի ամբողջական վերականգնմամբ։


























