ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կոչ է արել Երևանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին համատեղ ջանքերով դադարեցնել Հայաստանում իշխանության միանձնյա դառնալու գործընթացը և երկրում քաղբանտարկյալների աճող թվի խնդրի վերաբերյալ երկխոսել Հայաստանի իշխանությունների հետ։
Նա նաև նամակներ է ուղարկել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և հաստատություններին: Օսկանյանը նշել է, որ ավելի քան երկու տասնյակ մարդ՝ ներառյալ պատգամավորներ, ընդդիմության առաջնորդներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, գործարարներ և Հայ Առաքելական եկեղեցու երկու բարձրաստիճան հոգևորականներ, անազատության մեջ են բացառապես կառավարության քաղաքականությանն անհամաձայնություն հայտնելու համար։
«Պետք է գործել հիմա, քանի դեռ Հայաստանի ժողովրդավարական ապագան չի անհետացել։ Ես հարգանքով խնդրում եմ ձեզ անմասն չմնալ»,- ասվում է նամակում։
Օսկանյանը զգուշացրել է, որ միջազգային կառույցների, դեսպանների կողմից Հայաստանի «ժողովրդավարական կայունության» վերաբերյալ հրապարակային գովասանքը նպաստում է բռնաճնշումների շարունակությանը։ Նախկին արտգործնախարարը հավելել է, որ դատական համակարգն ավելի ու ավելի է հայտնվում գործադիր իշխանության վերահսկողության տակ, իրավական ինստիտուտներն օգտագործվում են «որպես գործիք քննադատների դեմ»:
«Մտահոգիչ է, որ Հայ Առաքելական եկեղեցին ենթարկվում է շարունակական հարձակումների՝ ձերբակալությունների, հրապարակային վիրավորանքների և բյուրոկրատական ճնշումների, ինչը սպառնում է մեր հասարակության քաղաքակրթական հիմքի քայքայմանը»,- գրել է նա:
Օսկանյանը մատնանշել է նաև մամուլի նկատմամբ քաղաքական և ֆինանսական ճնշումները։ Այս ֆոնին, ըստ նրա, դեսպանները սկզբունքային միջամտության փոխարեն գերադասում են լռությունն ու ռազմավարական անորոշությունը:
Օսկանյանը Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1998-2008 թվականներին։ 2024 թվականից նա ղեկավարում է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեն։
ՀՀ ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները հունիսի 17-ին խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տանը՝ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների գործողությունները քննադատելուց հետո։ Հունիսի 18-ից Կարապետյանը երկու ամսով կալանավորվել էր, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչեր անելու համար: Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում։
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ինչպես նաև նրա առաջնորդած ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման 14 աջակցի՝ ահաբեկչության և պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեղադրանքով։ Հունիսի 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Կալանավորվածները չեն ընդունում մեղադրանքը: