Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը (SCC) հրաժարվել է լրացնել 2025 թվականի հուլիսի 22-ի արբիտրաժային որոշումը «EA 2025/121» գործով, որը վերաբերում է Հայաստանի կառավարության դեմ Սամվել Կարապետյանի ընտանիքի հայցին։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Խոսքը վերաբերում է ընկերության՝ ՀԷՑ-ի սեփականատերերի միջանկյալ պահանջի վերաբերյալ կայացված որոշմանը, որն ընդունվել էր Կարապետյանների ընտանիքի օգտին։ Դատարանը պարտավորեցրել էր ՀՀ իշխանություններին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են դիտվել որպես ընկերության բռնագրավում, գործունեության սահմանափակում, լիցենզիաների չեղարկում կամ ղեկավարության փոփոխություն։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հուլիսի 29-ին Liormand Holdings Limited ընկերությունն ու ՀԷՑ-ի սեփականատերերը դիմել էին Արտակարգ արբիտրին՝ պահանջելով լրացնել հուլիսի 22-ի որոշումը։ Նրանք պահանջել էին պարտադրել Հայաստանին կատարել այդ որոշումը, վերականգնել առաջին հայցի ներկայացման պահին՝ 2025 թվականի հուլիսի 16-ին գործող ստատուս քվոն, ինչպես նաև տեղեկացնել Արտակարգ արբիտրին և հայցվորներին որոշման կատարման քայլերի, այդ թվում՝ ստատուս քվոյի վերականգնման մասին և հաստատել ժամանակավոր միջոցների կատարման փաստը սահմանված ժամկետներում։
Օգոստոսի 3-ին արբիտրը մերժել է այդ պահանջները՝ նշելով, որ դրանք դուրս են իր իրավասության շրջանակներից և պարունակում են նոր պահանջներ՝ համեմատած նախնական հայցի հետ։
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հուլիսի 23-ին հայտնել էր, որ նա և նրա ընտանիքը հաղթել են Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը ՀԷՑ ընկերության պետականացման հարցով: Կառավարությունն արձագանքել էր այս լուրին՝ նշելով, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի՝ հրատապ գործով քննված հարցերի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունները: