Հուլիսի 13-ի առավոտյան ազատ է արձակվել հուլիսի 10-ին «ահաբեկչության նախապատրաստման» գործի շրջանակում ձերբակալված 5 երիտասարդ, հայտնել են «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության գրասենայկից։
Նշվում է, որ ազատ արձակվածների թվում են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, կուսակցության Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանը։
Մանուկյանի որդին ձերբալությունը «դասական քաղաքական ճնշում է» որակել։ Նրա խոսքով՝ իրենց վերագրվող մեղադրանքներն «աբսուրդ են»։
«Ճնշելու միջոց է՝ հավելյալ ազդելու, լռեցնելու, հանրության մեջ վախի մթնոլորտ սերմանելու նպատակով»,- ասել է Մանուկյանը։
Նա հավելել է, որ փաստաբանները բողոքարեկլու են ձերբակալությունների որոշումները։
Ավելի ուշ Գեղամ Մանուկյանը տեղեկացրել է, որ դաշնակցականներից բացի, ազատ է արձակվել նաև մի երիտասարդ, որն առնչություն չունի ո՛չ ՀՅԴ-ի, ո՛չ կուսակացության Երիտասարդական միության հետ։
«Առաջին օրը, երբ խուզարկում էին տունը, ինչ-որ անուններ էին որոշման մեջ։ Մի անուն կար, որը որևէ մեկիս ծանոթ չէր։ Հարազատներն օրեր անց եկան ու ասացին, որ իրենց տղան է՝ սանտեխնիկ է։ Տնից մարդուն բռնել, բերել են, 3 օր պահել են ահաբեկչության կասկածանքով»,- հավելել է պատգամավորը։
Հուլիսի 10-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ է ձերբակալվել։ Նույն օրը ՀՅԴ-ն հայտնել էր անդամների տներում իրականացված խուզարկությունների, Մանուկյանի որդու ձերբակալության և Մարտոյանին բերման ենթարկելու մասին։ Հուլիսի 11-ին կալանավորվել էր ՀՅԴ երիտասարդական թևի 18-ամյա անդամ Անդրանիկ Չամիչյանը, հուլիսի 12-ին՝ Ալեքսան Ասատրյանը։
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև շարժման 14 աջակցի։ Գալստանյանը և «Սրբազան պայքարի» աջակիցները մեղադրվում են պետական հեղաշրջման և ահաբեկչության նախապատրաստության փորձ կազմակերպելու մեջ։ Նրանցից ոչ ոք չի ընդունում մեղադրանքը: