Կալանքի տակ գտնվող «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգի՝ Datalex.am կայքից։
Կարապետյանը դատարանին խնդրել է պարտավորեցնել Բաղդասարյանին հրապարակայնորեն հերքել հունիսի 18-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում արտահայտած և զրպարտություն համարվող փաստացի տվյալները և ներողություն խնդրել։ Ֆեյսբուքում հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել Բաղդասարյանին հանդես գալ հերքմամբ՝ առնվազն 5000 տպաքանակ և ՀՀ ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով։
Հայցով նաև պահանջվում է Բաղդասարյանից հօգուտ Կարապետյանի բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսերի գումարը։
Արցախի ԱԱԾ-ն 2021թ. քրեական գործ էր հարուցել բլոգերի դեմ՝ կեղծ հաղորդում ներկայացնելու հատկանիշներով։ Գործը հարուցվել էր Բաղդասարյանի մասնակցությամբ տեսագրության ստուգումից հետո, որտեղ նա պնդել էր, թե Արցախի պաշտպանության բանակի սպաներն ու նախկին գեներալները, իբր, 2020թ․ պատերազմի ժամանակ սպանություններ են կատարել, ինչպես նաև հրամաններ են տվել այդ սպանությունների վերաբերյալ։
Հուլիսի 4-ին Կարապետյանը զրպարտության և վիրավորանքի համար դատական հայցեր էր ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի դեմ՝ յուրաքանչյուրից պահանջելով 9 մլն դրամ, հուլիսի 8-ին դատական հայց էր ներկայացրել Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ։
Կարդացեք նաև՝