«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի աջակցության և նրա կալանքի դեմ հանրահավաքն ու երթն արտոնված են, հայտնել է Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։
Գործարարի փաստաբանները պարզաբանել են, որ ամեն ինչ համաձայնեցված է Երևանի քաղաքապետարանի և Ներքին գործերի նախարարության հետ։
Երթը կսկսվի այսօր՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան այգում և կավարտվի «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի մոտ, որտեղ պահվում է գործարարը։
Հուլիսի 1-ին «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր Երևանում երթի մասին՝ երկրում տիրող անարդարության և անօրինականության դեմ բողոքի ակցիայի շրջանակներում:
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում: Հուլիսի 3-ին ՔԿ խոսնակը տեղեկացրել էր, որ քրեական վարույթով 2 անձ է կալանավորվել, և դատարանը քննում է վերոնշյալ մյուս 2 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։
Armenia Today-ը հուլիսի 2-ին հայտնել էր, որ իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում, ինչպես ՔԿ-ից Armenia Today-ին մանրամասնել էին, դրանց հիմքում «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն էր»։