Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) հոգևորականների վերաբերյալ տվյալներ ստանալու մասին իր հայտարարությունը:
Facebook-յան իր էջում գրառման մեջ նա կրկին ընդգծել է, որ կուսակրոն հոգևորականը չի կարող անձնական կյանք ունենալ: Նա նաև նշել է օպերատիվ իրավիճակի և անձնական կյանքի միջև կապի մասին։
«Վերջին տարիներին ավելի քան երկու տասնյակ դեպք է բացահայտվել, երբ օտարերկրյա հատուկ ծառայությունները ՀՀ քաղաքացիների են հավաքագրել՝ օգտագործելով անձնական և ինտիմ կյանքում նրանց ունեցած խոցելիությունները։ Ահա և կապը «անձնական կյանքի» եւ օպերատիվ իրավիճակի միջև»,- գրել է Փաշինյանը։
Հունիսի 29-ին, պատասխանելով սոցիալական ցանցերում իր, այդ թվում ՝ հոգևորականների մասին անձնական տեղեկությունների հրապարակման մասին հարցին, վարչապետը հայտարարել էր, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վերաբերյալ օպերատիվ տվյալները ստացվել են օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Փաշինյանի խոսքով՝ «եկեղեցականներն իրենց գործողություններով հայտնվել են օպերատիվ ուշադրության կենտրոնում»։
«Այդ օպերատիվ միջոցառում իրականացրած մարմինը՝ ԱԱԾ-ն, վարչապետին ենթակա մարմին է և ամեն օր զեկուցում է ինձ հանրապետությունում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։ Երբ օպերատիվ իրավիճակի մեջ կան անվտանգության հետ կապված խնդիրներ և հարակից խնդիրներ, այդ ամեն ինչը ես, բնականաբար, չեմ կարող չիմանալ։ Եվ իմ իմանալը նույնպես բացարձակապես օրինական է»,-ասել է նա։
Մայիսի 29-ից սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում հայհոյանքներով լի մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով։ Հունիսի 2-ին նա կասկածի տակ էր դրել Գարեգին Բ-ի կուսակրոնության ուխտի պահպանումը։ Այնուհետ Փաշինյանը հայտարարել էր, թե պատրաստ է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ապացուցել, որ ինքը թլփատված չէ։ Փոխարենը նա Վեհափառին կրկին կոչ էր արել «պատասխանել հարցին՝ խախտե՞լ է արդյոք կուսակրոնության ուխտը, և ունի՞ արդյոք զավակ»։
Հունիսի 24-ին նա հայտարարել էր պետական հեղաշրջում նախապատրաստելու մասին՝ իշխանամետ ԶԼՄ-ներում իբր իշխանությունը զավթելու ծրագրով ինչ-որ փաստաթղթի հրապարակումից հետո։ Դրանից հետո խուզարկություններ ու ձերբակալություններ էին սկսվել, ուժայինները ներխուժել էին Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի և Կաթողիկոսի Էջմիածնի նստավայր: «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը և ևս 14 նրա աջակիցներ կալանավորվել են ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մեղադրանքով, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազան Աջապահյանը՝ իշխանության զավթման կոչի համար: Նրանք մեղքը չեն ընդունում: