Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Քննչական կոմիտեին հանցագործության մասին երկու հաղորդում է ներկայացրել, որի հիման վրա էլ վարույթ է հարուցվել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի դեմ, «Ազատությանը» հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Նշվում է, որ վարույթը հարուցվել է գլխավոր դատախազի կողմից Քննչական կոմիտեի նախագահին ուղարկված ԶԼՄ-ներում հրապարակված նյութերի հիման վրա։
Մասնավորապես՝ քրվարույթի հիմք են հանդիսացել 168.am կայքի՝ «Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին. Սամվել Կարապետյան» վերտառությամբ և Aravot.daily կայքի՝ «Սամվել Կարապետյանի դեմ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներից հետո իրավապահները գործի անցան» վերնագրերով հրապարակումները։
Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանն այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրել էր, որ գլխավոր դատախազն անձամբ է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Քննչական կոմիտե՝ Կարապետյանի հարցազրույցի առնչությամբ:
Իրավապահներն այսօր խուզարկություններ էին իրականացրել «Տաշիր գրուպի» երևանյան գլխավոր գրասենյակում: Ըստ ՔԿ-ի՝ գործողություններն իրականացվել էին «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում»։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում:
Կարապետյանի ընտանիքը հունիսի 30-ին ՀՀ պետական մարմիններին պաշտոնապես ծանուցել էր ներդրումային վեճ սկսելու մասին:
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր