Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները «Տաշիր» առևտրի կենտրոնի ճակատից որոշել են հեռացնել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի պատկերով և նրան աջակցող պաստառը՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ: Տեղում են ոստիկանության աշխատակիցները, ներառյալ՝ կարմիր բերետավորները, ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-ի ալիքում։
Փաստաբան և առևտրի կենտրոնի ներկայացուցիչ Վարդան Ալոյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը վկայակոչել է Երևանի ավագանու որոշումը որպես ապամոնտաժման հիմք, ինչը, նրա դիտարկմամբ, ոչ իրավաչափ է։
«Հղում են անում այդ որոշմանն ու ասում, թե կարող են սեփականության իրավունքով ցանկացած տարածք մտնել և ապամոնտաժում իրականացնել։ Մենք առաջիկայում այդ որոշման վերաբերյալ դատարան ենք դիմելու և վիճարկելու ենք այն։ Կարապետյանի լուսանկարը տեղադրված է մասնավոր սեփականության տարածքում, և կատարվում է ապօրինի գործողություն, քանի որ ներխուժել են տարածք՝ տեխնիկայի կիրառմամբ։ Դիմել ենք ոստիկանություն՝ ներխուժումը դադարեցնելու պահանջով»,- հավելել է Ալոյանը։
Նա ընդգծել է, որ ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, թե, իբր, տարածքը սահմանազատված չէ, թեպետ մի քանի րոպե առաջ իրենց խնդրել են բացել արգելափակոցները, որ տեխնիկան կարողանա ներս մտնել և գործողություն իրականացնել:
«Մի կողմից պնդում են, որ սահմանազատում չկա, ուստի չեն կարող հասկանալ՝ ներխուժում կա՞, թե՞ ոչ, մյուս կողմից խնդրում են բացել տարածքը, որ ստիպված չլինեն այլ միջոցներ կիրառել, քանդել արգելափակոցը։ Մենք առնչվում ենք երկակի ստանդարտների հետ»,- շեշտել է Ալոյանը։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը հայտարարել է, որ իշխանությունը հիմա էլ գործարարի պաստառի դեմ է «կռիվ տալիս»։
Հունիսի 25-ին Հյուսիսային պողոտայում քաղաքապետարանի աշխատակիցներն ապամոնտաժել էին Կարապետյանին ազատ արձակելու կոչով էկրանները։ Ընդ որում՝ ապամոնտաժումը տեղի էր ունեցել սեփականատիրոջ տարածքում, որտեղ էկրանները տեղադրվել էին օրինական հիմունքներով։ Այդ ժամանակ Ալոյանն Armenia Today-ին հայտնել էր, որ քաղաքապետարանի աշխատակիցներն զբաղվել են ապամոնտաժմամբ, երբ իրենք հրաժարվել են հեռացնել պաստառի բովանդակությունը։ Երևանի քաղաքապետարանից ապամոնտաժումը 2024-ի հունվարին ուժի մեջ մտած նոր կարգավորումներին չհամապատասխանելու հանգամանքով էին պատճառաբանել։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում: