Այսօր ձերբակալված 16 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, Armenia Today-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Նրանց թվում է նաև «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը նշել է, որ Գալստանյանի վերաբերյալ կալանքի միջնորդությունը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին։ Նրա խոսքով՝ նիստը կկայանա Ավան նստավայրում ժամը՝ 22:00-ին:
Շարժումը հրապարակել է ձերբակալված 12 անձանց անունները՝ Բագրատ Սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, Մովսես Շարբաթյան։ Ավելի ուշ հայտնի է դարձել նաև շարժման ակտիվիստ Լիդյա Մանթաշյանի ձերբակալության մասին։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ շարժման աջակիցների տներում քննչական, վարութային գործողություններ իրականացնելու պատճառը «ՀՀ-ում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնելու» ծրագիրն էր, ինչը կանխվել է։ Կոմիտեն ավելի ուշ հրապարակել էր կառավարական կայքերի վրա կիբեռհարձակումների, զանգվածային բողոքի ցույցերին մասնակցելու համար խմբերի ձևավորման, ինչպես նաև իշխանությունը փոխելու համար ուժի կիրառման սցենարների թույլտվության մասին ձայնագրություններ։
Իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործը հարուցվել էր Civic.am կայքի հրապարակած փաստաթղթի հիման վրա՝ որակելով այն պետության «Հեղաշրջման պլան»։