Բաքվում ընթացող «դատավարությանն» Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը հերքել է ադրբեջանական մեղադրանքներն այն մասին, թե 2020-ի 44-օրյա պատերազմում Արցախում դրսից բերված վարձկաններ կային, գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը։
«Անդրադառնալով 44-օրյա պատերազմին Հայաստանի ներգրավածությանը, որպես հիմք նշել է Հայաստանի` Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը, ինչը, ըստ էության, համարվում է լեգիտիմ: Ղուկասյանը նաև անդրադարձել է երկար ժամանակ քաղաքական-տեղեկատվական տիրույթում շրջանառվող` պատերազմը վաղ փուլում կանգնեցնելու քննարկումներին։ Նա նշել է, որ ինքը և Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը պատերազմի ժամանակ հանդիպել են Արցախը նախագահող Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպման նպատակը, ըստ էության, Հայաստանի ղեկավարությանը միջնորդավորված հորդորելն էր, որ պետք է ամեն ինչ անել` պատերազմը կանգնեցնելու համար»,- մանրամասնել է Աբրահամյանը։
Աբրահամյանի խոսքով՝ վերոնշյալ մտադրության հիմքում ռազմի դաշտում այդ պահին ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն էր։
«Այդ իրադրությունը, մեծ առումով, համընկնում էր ՀՀ Գլխավոր շտաբի գնահատականների հետ»,- գրել է Աբրահամյանը՝ շեշտելով նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քայլերի մասին, որը համարում էր, որ կարելի էր պատերազմը վաղ փուլում կանգնեցնել և խուսափել մեծ՝ առաջին հերթին՝ մարդկային կորուստներից։
2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի 8 քաղաքական և ռազմական առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Փետրվարի 19-ին նախկին պետնախարարը երկրորդ անգամ հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ կոչ անելով ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։ Փետրվարի 25-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ շինծու դատական գործով նիստում Վարդանյանը հացադուլի պատճառով իրեն վատ է զգացել, որից հետո դատավորը բուժզննման համար ընդմիջում էր հայտարարել։
Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։ Փետրվարի 27-ին նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, միջազգային հանրությանը, աշխարհասփյուռ հայությանը կոչ էր արել քայլեր ձեռնարկել Բաքվի դեմ, որտեղ Վարդանյանը խոշտանգումների է ենթարկվում։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուսանկարում Վարդանյանի դեմքին կապտուկներ էին։ Փետրվարի 28-ին ամերիկահայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ էր արել քայլեր ձեռնարկել Վարդանյանին ազատելու համար։
Փետրվարի 28-ին ՀՀ ԱԳՆ-ն «խորը մտահոգություն» էր հայտնել Բաքվի բանտերում հայ ռազմագերիների և պատանդների, այդ թվում՝ հացադուլի մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Վարդանյանի խոշտանգումների կապակցությամբ։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ շենքի մոտ տեղի էր ունեցել ակցիա՝ իշխանություններից պահանջելով նպաստել հայ ռազմագերիների, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակմանը։
Մարտի 1-ին Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախկին նախարար, ՀՀ նախկին սոցապնախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հացադուլ էր հայտարարել՝ կոչ անելով Վարդանյանին դադարեցնել հացադուլը։