Հայաստանը փետրվարի 12-ին ստացել է Ադրբեջանի կողից Հաագայի մշտական արբիտրաժային դատարան ներկայացրած հայցն՝ ընդդեմ Հայաստանի, տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Փետրվարի 13-ին Ադրբեջանն, ասյպես կոչված, բնապահպանական հայց էր ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան ընդդեմ Հայաստանի՝ պահանջելով փոխհատուցել «շրջակա միջավայրին հասցված վնասի և Ղարաբաղի ու Արևելյան Զանգեզուրի եզակի բնության ոչնչացման» համար։ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանն, իբր, «միջազգային բնապահպանական պարտավորությունների բազմաթիվ խախտումներ է թույլ տվել»։ Ադրբեջանը հայցը ներկայացրել էր 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում դեռ 2023-ին հարուցված արբիտրաժային գործով։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարել է, որ Ադրբեջանի պահանջներն անհիմն են։
«Հակառակ Ադրբեջանի պնդումների՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և այլ անկախ մարմինների զեկույցները փաստացի վկայում են, որ շրջակա միջավայրին հասցված վերջին տարիների վնասի պատասխանատուն հենց Ադրբեջանն է։ Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պահանջները, ներառյալ՝ փոխհատուցման պահանջը: Ադրբեջանի ներկայացրած իրավական դիրքորոշումը հիմնված է Բեռնի կոնվենցիայի այնպիսի մեկնաբանության և կիրառման վրա, որը չի համընկնում դրա նպատակների և առարկայի հետ, այն է՝ խթանել պետությունների միջև համագործակցությունը՝ վայրի բուսական և կենդանական աշխարհը և դրանց բնական միջավայրերը պահպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Գրասենյակից շեշտել են, որ Հայաստանը Բեռնի կոնվենցիայի անդամ պետություն դառնալուց ի վեր հետևողականորեն հավատարիմ է իր հանձնառությանը՝ պահպանելու տարածաշրջանի վայրի բնությունն ու շրջակա միջավայրը։
«Սա արտացոլվում է ինչպես Հայաստանի բնապահպանական քաղաքականության մեջ, այնպես էլ Բեռնի կոնվենցիայի Մշտական հանձնաժողովի աշխատանքներում ակտիվ ներգրավվածությամբ»,- հավելել են գրասենյակից։
Փետրվարի 12-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել էր Միջազգային քրեական դատարան՝ պահանջելով հետաքննել արցախահայության դեմ Ադրբեջանի հանցագործությունները։ Կազմակերպությունը նշել էր, որ 2020-2023 թվականների հակամարտության ընթացքում Ադրբեջանի գործողությունները կարող են որակվել որպես ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություն և ռազմական հանցագործություն։