Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գրիգոր Իսկանդարյանը «գեղի Opel-ներով համբալներ» արտահայտության համար դատի է տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին, հայտնել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ ավագանու անդամը հայցադիմում է ներկայացրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ որպես վիրավորանքի փոխհատուցում պահանջելով հատուցում 500 000 դրամ:
Թերթի տեղեկություններով՝ Իսկանդարյանն Opel ունի, և նա այս մակնիշի վարորդներին կոչ է արել հանդես գալ համանման հայցերով:
«Ավագանու անդամի կոչին Opel-ի բազմաթիվ վարորդներ են արձագանքել: Տեղեկացանք, որ մի շարք քաղաքացիներ դիմել են Իսկանդարյանին, որ նա օգնի իրենք էլ հայցադիմումը լրացնեն»,- տեղեկացրել է լրատվականը:
Իսկանդարյանը թերթին հայտնել է, որ բոլոր դիմողներին իրավաբանական խորհրդատվություն են տրամադրել։ Նա հստակ դիմողների թիվը չի նշել, սակայն ասել է, որ շատերին են տրամադրել հայցադիմումի ձևը։
2024 թվականի դեկտեմբերին քաղաքապետի հայրը, հարցման ժամանակ պատասխանելով Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների՝ տարեկան 160 հազար դրամ վճարի մասին հարցին, ասել էր, որ դրույքաչափերը «պիտի 500 000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի իրա գեղի Opel-ով»։ Դեկտեմբերի 26-ին քաղաքապետը երևանցիներից ներողություն էր խնդրել հոր խոսքերի համար։