Վաղը՝ ժամը 16։00-ին, կկայանա Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատական առաջին նիստը, և շատ «պատահականորեն» հենց այս գործով սպասվող դատական նիստի նախորդ օրը՝ այսօր և հենց հիմա, տեսչական մարմինն ստուգումներ է սկսել սրբազանի քրոջ ամուսնուն պատկանող դեղատանը, հայտնում է փաստաբան Արդեն Բաբայանը։
Փասաբանը մանրամասնել է, որ նիստը կայանա Արմավիր քաղաքի Հանրապետության 41 հասցեի դատական նիստերի թիվ 2 դահլիճում։
Բաբայանը հիշեցրել է, որ սրբազանին մեղադրանք էր ներկայացվել, թե իբր նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել էր ակցիայի մասնակիցներ ուսապայուսակի մեջ թմրանյութ գցել՝ իբրև թե կատարելով իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։ Այս գործով Սրբազանին 3 ամիս պահել էին բանտարկության մեջ։
«Այս քրեաքաղաքական գործն իր ամբողջ ծավալով հավակնում է դառնալ իրավաբանության մեջ աննախադեպ ծաղրերգություն։ Սա մի գործ է, որի համաձայն իբր շրջանառվել է թմրամիջոց, սակայն այդ թմրամիջոց իրեղեն ապացույցն անհետացել է քննչական մարմնից։ Սա մի գործ է, որի «ապացույցներն» սկսվում են՝ չեմ կարող պնդել, բայց կարծում եմ ինքն է․․․ նախադասությամբ»,- գրել է Բաբայանը։
2025 թվականի դեկտեմբերի 4-ին արքեպիսկոպոսին ձերբակալել, իսկ դեկտեմբերի 5-ին կալանավորել էին մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Փաստաբանը հայտնել էր, որ Մայր Աթոռի դիվանապետը մեղադրվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի դեմ 2018-ին ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում իբր թմրամիջոց դնելու մեջ, ինչը, նրա խոսքով, անհեթեթություն է։ Փետրվարին նրա կալանքը 2 ամսով երկարաձգվել էր։
Մարտի 5-ին Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ազատ էր արձակվել կալանքից։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ արքեպիսկոպոսի նկատմամբ դատարանը սահմանել է այլընտրանքային խափանման միջոց՝ վարչական հսկողություն և մի շարք սահամանափակումներ։ Պաշտպանական կողմը նշել էր, որ գոհ չէ որոշումից և այն բողոքարկելու են:





































